«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում իրականացվում է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիր, որի շրջանակում շուրջ 3500 քաղաքացի անցնում է FIT (իմունոքիմիական) թեստավորում, դրական արդյունքների դեպքում՝ կոլոնոսկոպիա ։ Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում նշել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Էնդոսկոպիայի ծառայության ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանը։ Բժիշկը խոսել է ծառայության հնարավորությունների, էնդոսկոպիկ վիրահատությունների, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրի և մի շարք կարևոր ծրագրերի մասին։
«Վերջին տասնամյակներում էնդոսկոպիան զգալի առաջընթաց է ապրել՝ ինչպես տեխնոլոգիական , այնպես էլ մեթոդաբանական առումներով։ Այն, ինչ տարիներ առաջ թվում էր անհավատալի, այսօր դարձել է հասանելի իրականություն։ Օրինակ՝ կերակրափողի ամբողջ երկայնքով էնդոսկոպիկ վիրահատություններն այսօր կատարվում են բարձր արդյունավետությամբ, ինչը նախկինում հնարավոր չէր պատկերացնել։ Էնդոսկոպիան այժմ համարվում է ոչ միայն ախտորոշիչ, այլև բուժական թերապևտիկ գործիք, որը կապում է մի քանի բժշկական ուղղություններ՝ գաստրոէնտերոլոգիա, վիրաբուժություն, ուռուցքաբանություն։ Շնորհիվ դրա՝ հնարավոր է բուժել հիվանդություններ՝ նվազագույն միջամտությամբ»,- ասում է բժիշկը՝ հավելելով, որ այսօր Հայաստանը էնդոսկոպիկ միջամտությունների ոլորտում լիարժեք համադրելի է զարգացած երկրների առաջատար հաստատությունների հետ։
Ի՞նչ հետազոտություններ են գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան, ովքե՞ր պետք է անցնեն, ինչի՞ համար են դրանք նշանակվում, ինչպե՞ս են իրականացվում, ի՞նչ կարելի է հայտնաբերել դրանց շնորհիվ, ինչպե՞ս է աշխատում էնդոսկոպիայում արհեստական բանականությունը, ի՞նչ հնարավորություններ է տալիս, արդյոք էնդոսկոպիկ միջամտությունները ամբողջապես կփոխարինե՞ն բաց վիրահատություններին։ Այս և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը։
https://armenpress.am/hy/article/1225287
.png)